30 նոյեմբերի 2016 - 13:48 AMT
Թուրքիայում կքանդեն հայ ազատագրական պայքարի հերոսների անուններով հուշարձանը

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ կանգնեցված հուշարձանը, որի վրա գրված են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների անունները:

Ապամոնտաժման որոշումը կայացվել է թուրքական Sozcu թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո, նույն թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հոդվածում ներկայացվել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը հուշակոթողի առկայության փաստին:

Էրդինչի պնդմամբ՝ Թուրքիան ներսից թուլացնում են, և դրան մասնակցում է նաև հայկական սփյուռքը:

«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:

Հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները: «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է հուշարձանի վրա: