30 նոյեմբերի 2016 - 16:38 AMT
ՀՀ նախագահի խոսնակ. Տարածքների վերադարձի հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման դեպքում

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, հայտնում է «Ազատությունը»:

Խոսնակը նշել է, որ ՀՀ նախագահը ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա»-ին տված իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: «Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»: «Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», - շեշտել է նախագահը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:

Վլադիմիր Հակոբյանը հավելել է.«Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

ՀՀ նախագահը ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա»-ին տված իր հարցազրույցում ասել էր, որ «Երեւանն ու Բաքուն մի քանի անգամ մոտ են եղել կարգավորման փաստաթղթի ստորագրմանը, ըստ որի հայկական կողմը, այսինքն` Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են` որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են։ Սակայն առաջին կետով այնտեղ հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը լուծվելու է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով»։

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Հայկական կողմը պատրաստ է «թեկուզ վաղը» համաձայնագիր կնքել հրադադարի խախտումները հետաքննելու մասին