26 հունիսի 2007 - 20:20 AMT
Վարդան Օսկանյան. Հայաստանը գիտակցում է բանակցային գործընթացի անփոխարինելիությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում, Հայաստանը ջանասիրաբար աշխատել է բանակցված փաստաթուղթ ունենալու ուղղությամբ, որն, իրոք, հիմնված կլինի փոխզիջման վրա եւ կունենա բավարար դրական տարրեր` արդարացնելու մեր ջանքերը մնացյալ խրթին տարբերությունները հարթելու ուղղությամբ առաջ ընթանալու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Ստամբուլում կայացած ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին: «Այս առումով, մենք կարող ենք հպարտորեն նշել, որ այս հակամարտությունը տարբերվում է մեր տարածաշրջանի մյուս հակամարտություններից, որ մենք տեւական կարգավորման հասնելու համար, գիտակցաբար ենք մոտենում բանակցային գործընթացի անփոխարինելիությանը, որքան էլ այն դժվարին լինի: Փաստացիորեն, հենց բանակցային գործընթացը նշա΄ն է մեր բնակչությանն ու բոլոր շահագրգիռ կողմերին, որ մենք հասկանում ենք, թե ինչ է փոխզիջումը եւ այն զիջումները, որ պահանջում է փոխզիջումը: Այդ իսկ պատճառով, այս փուլում հարձակումների ու բացարձակ լուծումների լեզվով խոսելը ոչ իրատեսական է, ոչ էլ օգտակար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, նույնպես օգտակար չէ շփոթել պատճառը հետեւանքի հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով հարձակման զոհ, հաղթել է ռազմական ճակատամարտը` հաջողությամբ պաշտպանելով իրեն Ղարաբաղում այն կառավարությունից, որը հարձակվեց իր քաղաքացիները համարող ժողովրդի վրա: «Ոչ բոլոր հաղթողներն են զավթիչ: Երբեմն թույլ համարվողը հաղթում է, որովհետեւ պաշտպանում է իր ընտանիքը, տունը, հողը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, գտնվելով անհավասար վիճակում, պաշտպանվում էր եւ հաղթեց: Այսօր նրանք ոչ մի բան չեն ուզում Ադրբեջանից, ցանկություն ունեն միայն, որ Ադրբեջանն ապրի եւ թույլ տա ԼՂ ժողովրդին ապրել»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: