1 դեկտեմբերի 2016 - 17:26 AMT
ՌԴ Պետդումայում թշնամական չեն համարում Ղրղզստանում ռուսական ռազմակայանի փակման մասին խոսքերը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «թշնամական ենթատեքստ» չի տեսնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի խոսքերում երկրում գործող ռուսական ռազմակայանը փակելու անհրաժեշտության մասին` պայմանագրի ժամկետը սպառվելուց հետո:

Ավելի վաղ Ատամբաևը հայտարարել է, որ ռուսական «ռազմակայանը պետք է հեռանա» Ղրղզստանի տարածքից, երբ պայմանագրի ժամկետը լրանա: «Անշուշտ, դա, գուցե ինչ-որ մեկին դուր չի գալիս, բայց ես կարողացա հասցնել այդ միտքը ՌԴ նախագահ Պուտինին` նա ինձ հասկացավ»,-ասել է նա:

«Նախընտրական արշավը Ղրղզստանում ազդում է քաղաքական գործիչների բառապաշարի վրա, սակայն այս դեպքում և այս իրավիճակում ես ոչ մի թշնամական ենթատեքստ չեմ տեսնում, առավել ևս, որ Ատամբաևը ոչ միայն խոսքերով է ապացուցել իր հակվածությունը ՌԴ հետ բարեկամության, այլ նաև իրական գործողություններով»,-ասել է Կալաշնիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ղրղզստանում իշխող քաղաքական գործիչների իրական գործողություններն այլ են, նաև ռազմաքաղաքական գործակցության հարցում, նաև ԵՏՄ շրջանակում, որտեղ Ղրղզստանը նույնպես շահագրգիր և, կարևորը, իրական քայլեր է ձեռնարկել»,-ասել է պատգամավորը:

Ղրղզստանի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմակայան: Ըստ երկկողմ պայմանավորվածությունների, այստեղ 4 օբյեկտ կա. ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիաբազան Կանտ քաղաքում, փորձարարական ռազմածովային բազան Կարակոլ քաղաքում, կապի հանգույցը Չալդովար ավանում և ինքնավար սեյսմիկ կետը Մայլուու-Սուու քաղաքում:

2009-ին համաձայնագրի գործողության ժամկետը երկարացվել է 49 տարով 25 տարով ինքնաբերաբար երկարացվելու հնարավորությամբ: