1 դեկտեմբերի 2016 - 17:51 AMT
Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ ամենառազմականացված երկրների եռյակում է

Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ մնում են աշխարհի երեք ամենառազմականացված երկրները:

Այդ մասին է ասվում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի Global Military Index զեկույցների հայտնած տվյալներից:

Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:

Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը, հինգերորդ հորիզոնականում՝ Ադրբեջանը, որը նախորդ վարկանիշում գտնվում էր 4-րդ հորիզոնականում: Գլոբալ վարկանիշում Ադրբեջանը 9-րդն է՝ 2015-ի 8-րդ հորիզոնականի դիմաց:

2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր: