1 դեկտեմբերի 2016 - 17:52 AMT
Չավուշօղլու. Անկարան հարգում է Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումը

Թուրքիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Sputnik Ադրբեջանը» Hürriyet-ի վրա հղումով:

Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Ըստ թուրք նախարարի, հարաբերությունները ՌԴ և Թուրքիայի միջև Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի տարածաշրջանի հարցում շատ կարևոր են: «Իրավիճակը Սիրիայում պարզ է, այնտեղ արտասուք է հոսում: Հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին»,-ասել է նա: Չավուշօղլուն նշել է, որ և Ռուսաստանը, և Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ:

Նախարարն ասել է, որ «Թուրքական հոսք» նախագիծն ու Աքքույու ԱԷԿ-ը կարևոր են երկու երկրների էներգետիկ գործակցության տեսակետից: «Համագործակցության զարգացումը դրական կազդի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է նա:

Դեկտեմբերի 1-ին Անթալիայում մեկնարկել է ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի V նիստը:

Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - հայտարարել էր նա: