2 դեկտեմբերի 2016 - 10:41 AMT
ՀՀ-ում ուզում են մեղրից գինի, շամպայն ու ջին արտադրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով ՀՀ-ում կուսումնասիրվի մեղրի գինու, շամպայնի, ջինի արտադրության հնարավորությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը դեկտեմբերի 1-ին հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Անդրադառնալով մեղվաբուծության ճյուղի առաջնահերթ խնդիրներին` հանդիպման մասնակիցները նշել են մեղվաբուծական արտադրանքի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Տեղեկանալով, որ այս խնդրի շուրջ ժամանակին իրականացվել են գիտական հայտնագործություններ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել դրանք կյանքի կոչելու և տարբեր մեղվամթերքների (այդ թվում` նաև մեղրից գինու, շամպայնի և ջինի) արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Ընդգծելով նաև մեղվակաթի զանգվածային արտադրության իրականացման կարևորությունը` կազմակերպության անդամները միաժամանակ նշել են, որ այս խնդրի լուծմանը խոչընդոտում է համապատասխան սարքավորումների բացակայությունը: Ի պատասխան նախարարն առաջարկել է կազմել բիզնես- ծրագիր, որի իրականացման համար փոխնախարար Արմեն Հարությունյանի հետ քննարկել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը:

Նշելով, որ այսօր հանրապետությունում նկատվում է բարձրակարգ մեղվաբույծների և մեղվաբույժների կարիք, հանդիպման մասնակիցները առաջարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարության հետ քննարկել համապատասխան մասնագետների պատրաստման, ինչպես նաև գիտնականների վերապատրաստման հարցը:

Քննարկվել են նաև ոլորտում տոհմաբուծության զարգացմանը, մեղրի իրացման համար նոր շուկաների բացահայտմանը, մեղվամթերքի արտադրության ծավալների ավելացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, լաբորատոր փորձաքննության գների վերանայմանը վերաբերող հարցեր:

Այս պահի դրությամբ հանրապետությունում գործունեություն է ծավալում մոտ 10000 մեղվաբույծ, որոնցից մոտ 7500-ը անդամակցում են «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ-ին: