2 դեկտեմբերի 2016 - 11:03 AMT
Նախագահ. Թրամփի վարչակազմի օրոք հայ-ամերիկյան գործակցությունը նոր թափ կստանա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան գործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրությունում:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: