2 դեկտեմբերի 2016 - 12:29 AMT
Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ մարզային դպրոցներում

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։ Այս նպատակով դեկտեմբերի 5-ից 15-ը «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։

«Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին, ծրագրին անդամակցելու քայլերին ու պահանջներին։

Ծրագրին միանալու մրցույթը կհայտարարվի դեկտեմբերի 20-ին։

Արարատյան բակալավրիատը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական հոսքային դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերին, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։