Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Տվյալները ներկայացվում են ամենօրյա մշտադիտարկման արդյունքների հիման վրա:
Նշվում է, որ կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:
Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և դեկտեմբերի 2-ի դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:
Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:
Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
հագնվե´ք եղանակին համապատասխան,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային: