2 դեկտեմբերի 2016 - 13:37 AMT
Թրամփը հաստատել է. ԱՄՆ-ն այլևս այլ երկրներում «ռեժիմներ չի տապալի»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր վարչակազմն այլ պետություններում «ռեժիմների տապալմանն» ուղղված արտաքին քաղաքականություն չի վարի:

«Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի: Հիշո՞ւմ եք 6 տրիլիոն դոլարը Մերձավոր Արևելքում: Մեր նպատակը կայունությունն է, ոչ թե քաոսը: Ուստի, մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը` ժամանակն է»,-ասել է Թրամփը` ելույթ ունենալով Օհայոյում նախագահական ընտրություններում հաղթանակից հետո առաջին հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսով Թրամփը վերահաստատել է իր նախընտրական հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն 6 տրիլիոն դոլար է ծախսում Մերձավոր Արևելքում պատերազմների վրա, մինչդեռ երկիրն անկում է ապրում»:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

Ընթերցեք նաև.Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին