27 հունիսի 2007 - 15:42 AMT
Վարդան Օսկանյանը Ստամբուլում չի անցկացրել ոչ պաշտոնական բանակցություններ Էլմար Մամեդյարովի հետ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ որեւէ բանակցություն չի անցկացրել Ստամբուլում` ՍԾՏՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «ՍԾՏՀ-ի բոլոր արտգործնախարարները ճաշի եւ ընթրիքի ժամանակ մի սեղանի շուրջ էին նստած, սակայն Վարդան Օսկանյանը հեռու էր նստած Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարից, եւ ոչ մի բանակցություն չի եղել նրանց միջեւ»,- ընդգծել է Կարապետյանը:

Նշենք, որ ANS-Press-ը հաղորդել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական ճաշկերույթի ժամանակ ոչ պաշտոնական բանակցություններ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ընդ որում, ադրբեջանական գործակալությունը մեջբերում է Վ. Օսկանյանի խոսքերը. «Այո, ես Է. Մամեդյարովի հետ մի շարք հարցեր եմ քննարկել ոչ պաշտոնական բանակցությունների ձեւաչափով: Սակայն քանի որ այդ ժամանակ ներկա չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները բանակցությունները ոչ պաշտոնական բնույթ են կրում: Այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, թե մենք ինչի մասին ենք խոսել»: