2 դեկտեմբերի 2016 - 16:35 AMT
Էրդողան. Թուրքիան ոչ թե հյուր է Եվրոպայում, այլ տեր

Թուրքիան ոչ թե հյուր է Եվրոպայում, այլ տեր: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գավառների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Եվրոպական երկրներին չի հաջողվի դուրս մղել Թուրքիային Եվրոպայից»,-ասել է նա, գրում է BBC-ին:

«Թուրքիան պատրաստ է ԵՄ լիիրավ անդամ դառնալ, եթե Եվրամիության ղեկավարությունը հրաժարվի «կրկնակի չափանիշների քաղաքականությունից»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է նաև, որ Անկարան հոգնել է ԵՄ-ի պատասխանին սպասելուց:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: