2 դեկտեմբերի 2016 - 18:31 AMT
Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալը 2 ամսում աճել է

Դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել մոտ 2.179.000 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015-ի 681.800 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության խթանմանը` կարևորելով համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում:

Այժմ Հայաստանում է գտնվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով: