5 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT
Skyscanner. Ամանորը ՀՀ-ում անցկացնելու հանդեպ հետաքրքրությունը ՌԴ-ում ռեկորդային է

Զբոսաշրջային Skyscanner ծառայությունը Հայաստանում Ամանորն անցկացնելու պահանջարկի ռեկորդային աճ է գրանցել ռուսաստանցիների շրջանում, հայտնում է Lenta.ru-ն:

Փորձագետները վերլուծել են ձմեռային տոներին ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման վերաբերյալ տվյալները: Արդյունքում պարզվել է, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ 2015-ի նույն շրջանի համեմատ աճել է 119 տոկոսով: Կիպրոսում հանգստի ամրագրումների քանակն աճել է 70 տոկոսով, Ադրբեջանում` 69 տոկոսով: Ռուսաստանցիները նաև ավելի շատ են սկսել հետաքրքրվել հանգստի հնարավորությամբ Հունաստանում` աճը 53 տոկոս, և Վրաստանում` աճը 40 տոկոս:

Ամանորին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը ռուսաստանցիների թվում կլինի Թայլանդը: Երկրորդ տեղում է Իտալիան, երրորդը` Հունաստանն է: Թոփ-10-ում են նաև Իսպանիան, Չեխիան, Թուրքիան, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն:

ՌԴ-ում ձմեռային հանգստի համար ամենապահանջված քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգն ու Սոչին: Նախորդ տարվա համեմատ ներգնա ուղևորությունների քանակը ՌԴ-ում աճել է 1/3-ով: