5 դեկտեմբերի 2016 - 16:06 AMT
€2 մլն դրամաշնորհ՝ ՀՀ-ում քաղհասարակության ձևավորման ծրագրին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրել են 2 մլն եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն իրականացնում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։

Տեղեկացվում է, որ ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավվում:

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը կհամալրի ներկայումս ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագիրը՝ շեշտը դնելով մոտ 100 քաղաքացիական հասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներքին և արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա:

Այս նախաձեռնությունը համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավմանն ուղղված 2014-2017թթ. քարտեզագրած առաջնահերթություններին և 2015թ.-ի տարեկան գործողությունների ծրագրին:

Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: