28 հունիսի 2007 - 18:07 AMT
ԼՂՀ ղեկավարը քննարկել է Ղարաբաղի հարցը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է հայ եւ ադրբեջանական մտավորականության պատվիրակությանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ-Օղլիի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, արցախյան մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվել է հակամարտության կողմերի ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի եւ երկխոսության բարելավման անհրաժեշտությունը:

Արկադի Ղուկասյանը ընդգծելով դեսպանների նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դա կարող է առողջ եւ կառուցողական միջավայր ձեւավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի շուրջ: Նա նորից հաստատել է Ղարաբաղի դիքորոշումը, որ արհեստականորեն ստեղծվող անհանդուրժողականությունն ու պատերազմի կոչերը միայն խոչընդոտում են խնդրի լուծմանը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ կողմերի մտավորականության ներկայացուցիչների երկխոսությունը կշարունակվի ապագայում եւս` ավելի լայն շրջաններ ներգրավելով: