6 դեկտեմբերի 2016 - 12:22 AMT
Ռուս դեսանտայինները 2017-ին կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք զորավարժություններին

2017-ին մոտ 1000 ռուս դեսանտային կմասնակցի ՌԴ սահմաններից դուրս, այդ թվում Հայաստանում, կայանալիք զորավարժություններին, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտը: «Դեսանտայինները կցուցադրեն իրենց հնարավորությունները ՀՀ, Նիկարագուայի և Բելառուսի տարածքում կայանալիք առանցքային միջազգային զորավարժությունների ընթացքում»,-ասել են դեպարտամենտում:

Նշվում է, որ ռուս դեսանտայինները կմասնակցեն «մարտավարական, հրամանատարաշտաբային, մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական և հատուկ ուժերի զորավարժությունների» այլ երկրների բանակների զինծառայողների հետ համատեղ:

«Բացի այդ, կայանալու են միջազգային մարտավարական զորավարժություններ օտարերկրյա բանակների հատուկ նշանակության ուժերի և ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ Ռուսաստանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2017-ին ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումները մասնակցելու են միջազգային գործունեության ավելի քան 70 միջոցառման: