6 դեկտեմբերի 2016 - 12:09 AMT
Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով կդիմի ՄԻԵԴ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը հայ եկեղեցուն, հայտնել է Կիլիկիո կաթողիկոսությունն իր ֆեյսբուքյան էջում:

Սա կլինի առաջին իրավական քայլն ընդդեմ Թուրքիայի` 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո:

Ավելի վաղ նմանատիպ հայցով Կիլիկիո կաթողիկոսությունը և Արամ Ա կաթողիկոսը դիմել էին Թուրքիայի Սահմանադրական դատարան: Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է մերժել հայցը Սահմանադրական դատարան, ինչ էլ արվել է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: