29 հունիսի 2007 - 15:09 AMT
Ղարաբաղյան կողմ անցած եւ Ադրբեջան վերադարձած զինվորին նստեցրել են 12 տարով
Ադրբեջանի ծանր հանցագործությունների ռազմական դատարանում կայացրել են դատավճիռը ԱՀ ԶՈՒ զինվորական Էլդանիզ Նուրիեւի գործով, ով մեղադրվում էր Հայրենիքի դավաճանության մեջ: Մամեդբաղիր Զոյնալովի նախագահությամբ դատարանը Է. Նուրիեւին դատապարտել է 12 տարվա ազատազրկման:

Էլդանիզ Նուրիեւը մեղադրվում է զինվորական հերթապահության խախտման, դասալքության եւ պետական դավաճանության մեջ: Մեղադրության համաձայն, «Ադրբեջանի Ագսու շրջանի զինկոմիսարիատի կողմից զինծառայության կանչված զինվորը դեկտեմբերի 31-ին ինքնակամ լքել է N... զորամասը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում, որտեղ անցկացնում էր ծառայությունը եւ հայտնվել է հայկական գերության մեջ: Մեղադրական եզրակացության համաձայն, Նուրիեւը հակառակորդ կողմին փոխանցել է Ադրբեջանի ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ», հաղորդում է Թրենդը:

Իրականում, ադրբեջանական բանակի` 1979 թվականին ծնված շարքային Էլդանիզ Նուրիեւն անցել է ղարաբաղյան կողմ 2006 թվականի դեկտեմբերի 31-ին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ եւ ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նա հանձնվել է ադրբեջանական կողմին: