6 դեկտեմբերի 2016 - 16:31 AMT
Ռոուհանի. Իրանը թույլ չի տա Թրամփին «խզել» միջուկային համաձայնագիրը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «խզել» միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է Իրանի ու համաշխարհային տերությունների միջև: Ելույթ ունենալով Թեհրանի համալսարանում`Ռոուհանին հայտարարել է, թե Թրամփը «մտադիր է շատ բան անել», սակայն, ըստ Ռոուհանիի, Թրամփի գործողությունները «չեն անդրադառնա» Իրանի վրա:

«Կարծում եք, ԱՄՆ-ն կարող է խզե՞լ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը: Ըստ ձեզ, մենք թույլ կտա՞նք Թրամփին դա անել»,-ասել է Ռոուհանին` խոսելով 2015-ի հուլիսին Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի մասին, որի շրջանակում չեղարկվեցին Իրանի դեմ գործող պատժամիջոցները:

Թրամփը, որը ստանձնելու է պաշտոնը հունվարի 20-ին, նախընտրական արշավի ժամանակ Թեհրանի հետ պայմանավորվածությունը «սարսափելի» համաձայնագիր է անվանել, որը միայն Իրանին է օգուտ տվել: Ավելի ուշ նա ասել է, որ ՄԱԿ-ի կողմից ամրագրված պայմանագիրն այնքան էլ հեշտ չի լինի խզել: