7 դեկտեմբերի 2016 - 11:52 AMT
Հալեպում ռուս գնդապետ է զոհվել

Հալեպի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորում է ստացել ՌԴ ռազմական խորհրդականը, որն ավելի ուշ ստացած վերքերից մահացել է: Թաղամասերը հրետակոծել է այսպես կոչված «ընդդիմությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ծանր վիրավորման հետևանքով հոսպիտալում մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս ռազմաբժիշկները մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար: Սպան վիրավորվել էր այսպես կոչված «ընդդիմության» գրոհայինների կողմից արևմտյան Հալեպի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, Գալիցկին առաջադրանք էր կատարում Սիրիայում մի խումբ ռուս ռազմական խորհրդականների կազմում: Զոհված գնդապետը հետմահու ներկայացվել է բարձր պետական պարգևի:

Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: