Իրանի անօդաչու թռչող սարքը գրոհել է թուրքական դիրքերը Սիրիայի հյուսիսում նոյեմբերի 24-ին, որի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նոյեմբերի 24-ին հայտնել էր ավիահարվածից 3 թուրք զինծառայողի մահվան մասին սիրիական Էլ Բաբի շրջանում: Ասվում էր, որ ենթադրաբար գրոհել է Սիրիայի ՌՕՈւ-ն: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ոչ ՌԴ-ն, ոչ Սիրիան առնչություն չունեն հարվածի հետ:
Անկարան պարզել է, որ անօդաչուն իրանական ծագում ունի, սակայն դեռ հայտնի չէ, այն պատկանում էր լիբանանյան «Հեզբոլլահին», թե Սիրիայում գործող շիաների այլ խմբավորումներին:
Ըստ թուրքական թերթի աղբյուրի, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը քննարկել են միջադեպն Իրանի իշխանությունների հետ նոյեմբերի 26-ին Թեհրան կատարած անսպասելի այցի ժամանակ: Սակայն, ըստ Չավուշօղլուի, իր այցն Իրան նվիրված էր Սիրիայում հրադադարի մասին բանակցություններին և հումանիտար բեռների առաքմանը: Նա հավելել է, որ Սիրիայում թուրքական դիրքերի ուղղությամբ ավիահարվածի միջադեպը չի քննարկվել: