Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը ցանցի բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն է:
«Նմանատիպ աշխատանքներ 3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։ Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասել է Ամալյանը։
2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը: