8 դեկտեմբերի 2016 - 17:49 AMT
WikiLeaks-ի հրապարակած` Էրդողանի փեսայի նամակներից 149-ը Հայաստանին ու հայերին է առնչվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկի` նրա դստեր ամուսնու, 2015 թվականից էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը դարձավ գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks-ի հերթական թիրախը: Ջուլիան Ասանժի ստեղծած այս կայքը շաբաթվա սկզբին հրապարակել է Ալբայրաքի անձնական էլեկտրոնային փոստում տեղ գտած 57.000 նամակ, որոնցից ամենահինը թվագրված է 2000 թվականով, իսկ ամենաթարմը գրվել է 2016 թվականի ամռանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Էրդողանի փեսայի գաղտնազերծված նամակագրության մի մասը, ավելի հստակ` նամակներից 149-ը, առնչվում են Հայաստանին և հայերին:

Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, օրինակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղարկված նամակում մանրամասնորեն ներկայացվում է կուսակցության ղեկավար անդամներից մեկի` ներկայումս Եվրամիության հետ կապերի գծով նախարար Օմեր Չելիքի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ընդգծվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը:

2014-ի մայիսին թվագրված վերլուծական մի գրության մեջ էլ Ստամբուլի «Բիլգի» համալսարանի կազմում գործող «Գլոբալ խնդիրների հարթակ» կառույցի փորձագետները Էրդողանի փեսային մանրամասնորեն տեղեկացնում են իրանական գազի` եվրոպական շուկա արտահանման հեռանկարների մասին` հատուկ հիշատակելով նաև Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:

Ուշագրավ է նաև 2013-ի նոյեմբերին Նյու Յորքում բնակվող թուրք ակտիվիստներից մեկի` Բերաթ Ալբայրաքին, ինչպես նաև Ռեջեփ Էրդողանի որդուն` Բիլալին ուղարկված նամակը, որում ներկայացված են Թուրքիայի այն ժամանակաշրջանի ամենաազդեցիկ քրդական ուժի` Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության անդամների և Վաշինգտոնի հայկական կառույցների հանդիպումների մանրամասները: Այս նամակը վերնագրված է` «Դաշնակների և Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության/Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին»: Այս ուղերձին նաև չորս լուսանկար է կցված, որոնցում պատկերված են Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկը` Սելահեթդին Դեմիրթաշը և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարները:

Թուրքական մամուլը մԷրդողանի փեսայի նամակագրության գաղտնազերծմանը գրեթե չի անդրադարձել` մեկ-երկու հրապարակումները չհաշված: Փոխարենը՝ միջազգային մամուլն է ակտիվորեն անդրադառնում ծագած սկանդալին:

Foreign Policy հանդեսը, օրինակ, պնդում է.«Եթե հրապարակված նամակների իսկությունը հաստատվի, ապա այս ողջ պատմությունը Բերաթ Ալբայրաքի համար լուրջ գլխացավանք կդառնա»:

Ավելի վաղ WikiLeaks-ը բացահայտել էր Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ: