18 հոկտեմբերի 2002 - 22:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՄԵՆԱԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Հայաստանը վարում է տնտեսական զարգացման ամենալիբերալ եւ հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում: Այդ մասին, այսօր հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ելույթ ունենալով Երեւանում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում: Նրա խոսքերով` Հայաստանում տարվող քաղաքականությունը նպաստում է մասնավոր սեկտորի զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը եւ ընդհանուր առմամբ ակտիվ տնտեսական աճին: «Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առեւտրում նկատվում է կայուն աճ, ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 40 տոկոսով»,- ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ արտադրության աճ արձանագրվել է հիմնականում արտադրության բոլոր բնագավառներում: