9 դեկտեմբերի 2016 - 14:55 AMT
Դիարբեքիրում զինված բախումներից վնասված հայկական 2 եկեղեցի կվերականգնվի

Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը մոտ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝ Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար, հայտնում է Ermenihaber-ը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության վրա հղումով:

Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից:

Կաթոլիկ եկեղեցում բախումների ժամանակ ինքնաշեն ռումբ էր պայթեցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էին եկեղեցու զանգակատունը, ճակատային պատերը և քահանայատունը:

Վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.:

Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։