9 դեկտեմբերի 2016 - 15:18 AMT
ՀՀ-ն ուզում է Իրանի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքել

ՀՀ-ն բանակցում է Իրանի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ՝ ազատ առևտրի պայմանագրեր կնքելու նպատակով: Այս մասին Խորհրդարանում՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Առավելագույնս պարզեցնելու ենք գործարար միջավայրին վերաբերող օրենսդրությունը, պարզեցնելու ենք գործարար-պետություն շփման եզրերը»,- ասել է Կարայանը, գրում է Aravot.am-ը:

Նախարարը հայտնել է, որ ներկայում ՀՀ-ն բանակցություններ է վարում ազատ առևտրի պայմանագրեր կնքելու ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի, Սինգապուրի, Եգիպտոսի հետ. «Այդ պայմանագրերով ՀՀ-ի համար կստեղծվեն բաց ու թափանցիկ շուկաներ»: ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ Արցախի տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար, սահմանափակումներ չկան, գործում են արտոնյալ պայմաններ:

Նա նշել է, որ ՀՀ շուկան կարող է ավելի մեծանալ՝ ի հաշիվ գործընկեր պետությունների. «ԵՏՄ-ին անդամակցելով՝ կարող ենք մեր ներդրողներին առաջարկել 180 միլիոնանոց շուկա: Գործակցելով ԵՄ-ի հետ՝ կարող ենք մեր ներուժն առաջարկել օտարերկրյա ներդրողներին»:

ԱԺ-ում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ, նախարար Կարայանը նաև հայտնել է, որՀՀ-ում օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում: