9 դեկտեմբերի 2016 - 15:54 AMT
Նալբանդյանն Իսպանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է վիզային ռեժիմի ազատականացման հարցը

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:

Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր։

Իսպանացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով՝ Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրել է այցելել Հայաստան:

Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»: