9 դեկտեմբերի 2016 - 18:31 AMT
ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհի երեխաների մոտ 1/4-ն ապրում է հակամարտության կամ աղետի գոտում

Աշխարհում մոտ 535 միլիոն երեխա, մոտավորապես յուրաքանչյուր չորսից մեկը, բնակվում է հակամարտության կամ աղետի ազդեցությունը կրող երկրներում՝ հաճախ զրկված լինելով բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից եւ պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից, հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖը:

Աֆրիկայի Ենթասահարայի հատվածում է բնակվում արտակարգ իրավիճակների ազդեցությունը կրող երկրներում ապրող երեխաների գլոբալ քանակի մոտ երեք քառորդը՝ 393 միլիոն երեխա։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է՝ օգնություն ու հույս տալու այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտության ու զրկանքների հետեւանքով։ Եվ այս ահռելի քանակը, որը ներկայացնում է կես միլիարդ երեխաների առանձին կյանքերը, սթափեցնող հիշեցում է այն մասին, որ մեր առաքելությունն ամեն օր ավելի պահանջված ու հրատապ է դառնում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։

Հակամարտությունների, բնական աղետների եւ կլիմայի փոփոխության ներգործությունը երեխաներին ստիպում է լքել իրենց տերը՝ նրանց թողնելով հակամարտության գծի հետեւում, ծուղակի մեջ, եւ նրանց ենթարկելով հիվանդությունների, բռնության ու շահագործման ենթարկվելու վտանգի տակ։

Մոտ 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել իր հայրենի հողից. նրանց ավելի քան կեսը լքել է իր տունը հակամարտությունների հետեւանքով։

Սիրիայի ամբողջ տարածքում բռնության ուժգնացմանը զուգընթաց, պակաս քան մեկ տարում պաշարման մեջ գտնվող երեխաների քանակը կրկնապատկվել է։ Այսօր մոտ 500.000 երեխա ապրում է երկրի տարբեր մասերում գտնվող 16 պաշարված տարածքներում՝ գրեթե լիովին կտրված լինելով շարունակվող մարդասիրական օգնությունից ու կենսական ծառայություններից։

Հյուսիսարեւելյան Նիգերիայում մոտ 18 միլիոն մարդ տեղահանված է. նրանից գրեթե 1 միլիոնը երեխաներ են։ Աֆղանստանում տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե կեսը չի հաճախում դպրոց։ Եմենում մոտ 10 միլիոն երեխա կրում է հակամարտության ազդեցությունը։

Հարավային Սուդանում տարրական դպրոցի տարիքի երեխաների 59 տոկոսը չի հաճախում դպրոց, եւ հակամարտության ծավալման տարածքներում յուրաքանչյուր 3 դպրոցից մեկը փակված է։

Այն բանից հետո, երբ «Մեթյու» փոթորիկն ավելի քան երկու ամիս անց հարվածեց Հայիթիին, մինչեւ հինգ տարեկան ավելի քան 90.000 երեխա դեռեւս օժանդակության կարիք ունի։