10 դեկտեմբերի 2016 - 10:42 AMT
ԼՂՀ նախագահ. Կարողացանք արձանագրել կարևորագույն հաղթանակներ` տեր կանգնելով մեր հող ու ջրին

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար:

1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն և հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ և շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարևորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք»:

Ուղերձում ասվում է, որ 2006 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի առաջին Սահմանադրությունը: Այն դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու մեր կամարտահայտության ևս մեկ վկայությունը, փաստեց մեր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին: Անգնահատելի է Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներին և Արցախի Հանրապետությանը»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախցիները դեկտեմբերի 10-ին, միանգամից 2 տոն են նշում` ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց երկրի հետագա զարգացման ուղին: ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:

15 տարի հետո` 2006 թվականին, նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: