10 դեկտեմբերի 2016 - 13:24 AMT
Ստեփանավանում 186 ծառ է ապօրինի հատվել. Մոտ 9.5 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 5-ից 9-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 9.88 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 280.000 դրամ գումարով և հաշվարկվել է 9.88մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 ծառի ապօրինի հատում և հաշվարկվել է 9.573.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6.200.000 դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին հետագա ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 130.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 205.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ (221.7կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ /դեկտեմբերի 1-ից` 644 հատ, Սևանա լճից դուրս են հանվել ձկնորսական ցանցեր և այնտեղ առկա ձկները՝

Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 163 հատ (105 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Երևանի «Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան, Երևանի N1 տուն ինտերնատ և Հայ առաքելական եկեղեցի:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ (65.5 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 48 հատ (32 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 հատ (12.2 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 հատ (7 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 15 վարչական տուգանքի որոշում 1.23 մլն դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 9 որոշում՝ 535.000 դրամ ընդհանուր գումարի չափով:

Սյունիքի մարզի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության պոչատարի թափուկատարից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով աղտոտվել է խողովակաշարի հարակից տարածքը: Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 95մլն դրամ:

Կարդացեք նաև՝ «Էյ Թի Փին» ավելի քան 260.000 ծառ է տնկել ՀՀ-ում