Քվեարկությունը Ղրղզստանում կազմակերպված էր բարձր մակարդակով: Այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով Ղրղզստանի ընտրակարգի առավելությունների մասին:
Դեկտեմբերի 11-ին Ղրղզստանում անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 24 երկրների պատվիրակներից կազմված դիտորդական առաքելությունը ղեկավարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հանրաքվեն կազմակերպված էր բարձր մակարդակով, իսկ էլեկտրոնային քվեարկության համակարգը կասկածի նշյուլ անգամ չի թողնում»,-ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Շարմազանովի, տեխնիկական խափանումներ կարող են լինել, քանի որ տեխնոլոգիան նոր է լայնածավալ փորձարկում անցնում:
«Ես անձամբ դրանք անէական եմ համարում: Ըստ էության, Ղրղզստանում ստեղծված քվեարկության էլեկտրոնային համակարգը ավելի շատ առավելություններ ունի, քան թերություններ: Ի դեպ, մենք Հայաստանում նույնպես մտադիր ենք անցնել ընտրությունների այդ ձևին և հուսով ենք, որ օգտվելով Ղրղզստանի փորձից, թափանցիկ քվեարկություն կապահովենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»,-ասել է Շարմազանովը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն: