Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017/2018 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի և Իսրայելի հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի Չեխիայում: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. հոկտեմբերի 13-ին, 16-ին և 19-ին: Ընդհանուր առմամբ, 52 երկրի հավաքականներ բաժանվեցին 13 խմբի:
Նրանցից հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև առաջին երկու թիմերի հետ խաղերում լավագույն արդյունք ցույց տված 4 թիմ, որոնք խմբերում կզբաղեցնեն երրորդ տեղը, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:
Այդ թիմերը էլիտ-ռաունդում կմիանան Գերմանիային և Պորտուգալիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները կկայանան 2018 թ. գարնանը: Այստեղ 8 խմբի հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն 7 թիմերը կմիանան Անգլիային, որտեղ էլ 2018 թ. մայիսին տեղի կունենա եզրափակիչ մրցաշարը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը վիճակահանությամբ ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում:
Կայացել է նաև Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017/2018 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-ին, 11-ին և 14-ին:
Ընդհանուր առմամբ 52 երկրի հավաքականներ բաժանվեցին 13 խմբի: Նրանցից հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը, որոնք էլիտ-ռաունդում կմիանան Իսպանիային և Պորտուգալիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները կկայանան 2018 թ. գարնանը: Այստեղ 7 խմբի հաղթողները կմիանան Ֆինլանդիային, որտեղ էլ 2018 թ. հուլիսին տեղի կունենա եզրափակիչ մրցաշարը: