14 դեկտեմբերի 2016 - 14:11 AMT
Հակառուսական ցույցեր Ստամբուլում` Հալեպում իրավիճակի պատճառով

Ստամբուլում հակառուսական ցույցեր են անցկացվում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Այդ կապակցությամբ անվտանգության միջոցները խստացված են, հայտնում է ՌԻԱ Նովոստին դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Սերգեյ Լոսևի վրա հղումով:

«Դեկտեմբերի լույս 14-ի գիշերը Ստամբուլում ՌԴ հյուպատոսության մոտ մի քանի հակառուսական ցույց է տեղի ունեցել` Հալեպում իրավիճակի պատճառով: Խստացված են անվտանգության միջոցները, շենքի մոտ մշտապե հերթապահում են ոստիկաններ, տեղակայված է հատուկ տեխնիկա»,-ասել է դիվանագետը:

Լոսևը հավելել է, որ այժմ իրավիճակը հյուպատոսության մոտ հանգիստ է:

Դեկտեմբերի 13-ին սիրիական Հալեպում իրավիճակով պայմանավորված բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում ՌԴ դեսպանատան և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության մոտ:

Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: