5 հուլիսի 2007 - 17:07 AMT
Թուրքիայի վարչապետը քննադատում է ԱՄՆ-ին «քուրդ ահաբեկիչների դեմ պայքարում» չօգնելու համար
«Մեր իբր բարեկամների խոսքերն այն մասին, որ Քրդական աշխատանքային կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն է հանդիսանում, բավական չեն Թուրքիայի համար: Մենք ցանկանում ենք գործողություններ տեսնել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Իր խիստ քննադատությունը ԱՄՆ-ի հասցեին Էրդողանը կատարել է Առեւտրային պալատների հինգերորդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ Ստամբուլում, որտեղ ներկա էին մոտ 600 գործարար: Կոնգրեսին ներկա էր նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:

Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ մարդկությունը պետք է ընդհանուր որոշում կայացնի բնապահպանության, ահաբեկչության, բռնության եւ ճգնաժամային շրջաններում առկա պատերազմների հարցերով: «Քաղաքակրթությունը ոչ միայն մեր ստեղծած արտադրանքի գլոբալ ազատ շրջանառությունն է: Քաղաքակրթության մակարդակը մարդկային արժեքների կիրառման մակարդակն է: Թուրքիան պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եւ մենք նույնն ենք ակնկալում բարեկամ երկրներից: Ահաբեկչության դեմ միջազգային համատեղ պայքարը անհրաժեշտություն է: Այն կարգի բացատրութունները, թե ձեր տարածքի ահաբեկիչները վատն են, իմ տարածքի ահաբեկիչները լավն են, պետք է մոռացվեն»,- ասել է Ռեջեփ Էրդողանը, գրում է Sahab թերթը: