14 դեկտեմբերի 2016 - 13:50 AMT
ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել՝ «Սասնա ծռերին» սնունդ տարած անձին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ

Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝ կապված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ:

2016-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ նա ունի առողջական խնդիրներ:

Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:

Բողոքում բարձրացված հարցերի եւ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին:

Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին:

Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:

Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: