Դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերից Երևանում օդի ջերմաստիճանը դառնալու է բացասական և գիշերը նվազելու է՝ հասնելով -4...-6 աստիճանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դրան զուգահեռ ձյուն է տեղալու, ուստի ճանապարհները պատվելու են մերկասառույցով:
«Հետևաբար, ճանապարհները մաքրող մարմիններին (տվյալ դեպքում «Սանիթեք» ընկերությանը) և վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն»,- գրել է նա:
Միևնույն ժամանակ, ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղուների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: Դեկտեմբերի 16-17-ը սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 18-19-ը՝ առանց տեղումների եղանակ:
Ինչպես և կանխատեսվել էր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից՝ Հանրապետության տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. գիշերվանից գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում: