5 հուլիսի 2007 - 18:24 AMT
Սերժ Սարգսյան. Սահմանադրությունը կարեւոր է ցանկացած պետության կայացման եւ զարգացման ճանապարհին
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ս. Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Իբրեւ երկրի Հիմնական օրենք` չափազանց կարեւոր է Սահմանադրության նշանակությունը ցանկացած պետության կայացման եւ զարգացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հայոց անկախ պետականության իրավական, քաղաքական, գաղափարական այն հիմնարար փաստաթուղթն է, որը դաձավ բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմք` կանխորոշելով մեր պետության ընթացքն ու զարգացման ուղին: Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում բարեփոխված Սահմանադրությունը եւս, հիմնված լինելով հայոց պետականության հիմնարար սկզբունքների եւ համազգային նպատակների վրա, մեր պետության զարգացմանը եւ ժամանակի նոր պահանջներին համընթաց, նոր խնդիրներ է առաջադրում եւ ավելի մեծ հնարավորություններ ընձեռում մեր համազգային նպատակների իրագործման, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայոց պետականության կայացման, ամրապնդման ու զարգացման, ժողովրդի ընդհանուր բարեկեցության ապահովման համար: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ օրենսդրության մեջ զգալի փոփոխություններ են արվում, որոնք միտված են ոչ միայն իրավական նոր ինստիտուտների կայացմանը, այլեւ մեր երկրում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանն ու կյանքի նոր որակի ապահովմանը: Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ եւ մաղթում հաջողություններ»: