14 դեկտեմբերի 2016 - 16:57 AMT
Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի առևտրի և ներդրումների մասով քննարկումներ են

Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը:

Բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:

Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «ապրանքների առևտուր», «վեճերի կարգավորում», «թափանցիկություն», «առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «սանիտարական և բուսասանիտարական միջոցներ», «մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «ծառայությունների առևտուր» և «ներդրումներ»:

Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը նախատեսվում է կնքել 2017-ին:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունը Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: