15 դեկտեմբերի 2016 - 10:04 AMT
Իրավիճակը շփման գծում. Հակառակորդն ականանետ է կիրառել

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է 1000-ից ավելի կրակոց: Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ):

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մոտ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` «ՍՎԴ» և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ):