6 հուլիսի 2007 - 14:55 AMT
Amnesty International-ը հայտարարում է Թուրքիայում տանջանքների տարածման մասին
Իրավապահ Amnesty International կազմակերպությունը հայտարարում է Թուրքիայում տանջանքների տարածման մասին, չնայած երկրի կառավարությունը վարում է «պաշտոնյաների անպատժելիության զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն:

Ըստ իրավապահների նոր զեկուցման, վերջին մի քանի տարիների ընթացքում քրեական արդարադատության համակարգը Թուրքիայում դեպի լավն է փոխվել: Սակայն տեղական իշխանությունների անպատժելիության պրակտիկան թույլ է տալիս պաշտոնատար անձանց խուսափել պատասխանատվությունից տանջանքների կիրառման համար: Բժշկական վկայականը, որը կարող էր հաստատել կալանավորների նկատմամբ բռնության փաստը, դատարանները անուշադրության են մատնում:

Փաստաթղթում նշվում է, որ «քանի դեռ կոնկրետ քայլեր չձեռնարկվեն պաշտոնյաների նկատմամբ, որոնք շարունակում են անուշադրության մատնել տանջանքների եւ բռնության այլ տեսակների կիրառման արգելքը», երկրի վարած «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը անարդյունավետ կմնա: Նախկին թուրք կալանավորները բողոքում են, որ ոստիկանությունում նրանց ծեծել են, սպառնացել են սպանել, զրկել են սննդից, խմելու ջրից եւ քնից: Բացի այդ, ոմանք տանջանքների են ենթարկվել կալանավայրերից դուրս, նշում են զեկուցման հեղինակները:

«Պաշտոնյաների անպատժելիության զրոյական հանդուրժողականության» ոչ մի քաղաքականություն չի դադարեցնի տանջանքների, սպանությունների եւ առեւանգումների տարածումը, եւ մարդու իրավունքները Թուրքիայում առաջվա պես խախտվում են»,- հայտարարել է Եվրոպայում Amnesty International-ի ծրագրի ղեկավար Նիկոլա Դակվորտը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ մարդու իրավունքների պահպանումը հանդիսանում է Եվրամիությանն անդամակցելու գլխավոր պայմանը: