15 դեկտեմբերի 2016 - 10:53 AMT
ԼՂՀ ԱԺ նախագահի՝ Փարիզ այցի 2-րդ օրը. «Ֆրանսիա-Ղարաբաղ» շրջանակի անդամների հետ է հանդիպել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին և նախագծերին:

Արցախի խորհրդարանի նախագահը կարևորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության և նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը և գալիք տարում դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին և սպասվող զարգացումներին:

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներից հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, շրջանային խորհուրդների անդամներ, Իլ դէ Ֆրանս շրջանի իշխանության ներկայացուցիչներ:

Բարեկամության շրջանակների ղեկավարներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հաջորդ տարվա աշխատանքների ցանկը, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության միջոցով հստակեցվել են տնտեսական, սոցիալական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածությունները:

ԱԺ նախագահի աշխատանքային այցի եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն ու ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Նապատգամավորների, դեսպանի, ֆրանսիահայ գործիչների հետ է հանդիպել: