15 դեկտեմբերի 2016 - 11:36 AMT
Մեղրին ու Ագարակը շուտով Իրանից գազ կստանան

Ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։

Հատկացված միջոցների շրջանակում ամբողջությամբ գազաֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։

Այս փուլում ընթանում է կառուցված գազի բաշխման ցանցի շահագործման թույլտվության ստացման և սպառողների՝ ցանցին միացման գործընթացը, տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այն վերսկսվեց 2015-ի վերջին։