«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել։
Բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ) ընդունում, կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը:
Ենթաօրենսդրական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կծանուցի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ու հարակից այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին փաթեթը: Օրենսդրական նոր լուծումներով դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացություններում բացառվելու են տարընթերցումները, սահմանվելու են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը:
Օրենքով կարգավորվում են նաև դեղատնային գործունեությանը ներկայացված պահանջները: Բարձրացվում է գործող մի շարք տուգանքների չափերը:
Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար, (ներկայումս սահմանված է պատասխանատվություն միայն պատրաստման համար) դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել մարդկանց մահ:
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով շարունակվելու է հատիկով դեղերի վաճառքը: Այդ մասով սահմանափակում չի նախատեսվում, և նոր օրենքում դեղատներից դեղերի հատիկով (ոչ ամբողջական տուփով) վաճառքն արգելող որևէ դրույթ կամ ձևակերպում չկա, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ այս դրույքը գործում է և գործելու է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։