15 դեկտեմբերի 2016 - 17:40 AMT
Նամին. Հայաստանն իմ ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին:

Նամինը Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին և այսօր էլ իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին:

Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, որն արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները:

Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է:

«Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,-նախագահի հետ հանդիպմանը նշել է անվանի մշակութային գործիչը:

Ռոք երաժիշտ Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։

Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը:

Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: