15 դեկտեմբերի 2016 - 17:26 AMT
ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերություններն արտոնություններ կստանան

Կառավարության հավանությանն է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով օրենքով սահմանված ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը և կարևորելով օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը:

Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով: Այն խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաև ընդհանուր տնտեսության զարգացմանը: