15 դեկտեմբերի 2016 - 18:24 AMT
Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունների գործով դատավճիռ է կայացվել

Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Դատարանը վճռել է, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի՝ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ՝ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով, հայտնում է Aysor.am-ը:

Մինչ այդ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դատախազն առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման և նշանակել տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրում։ Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։