16 դեկտեմբերի 2016 - 15:43 AMT
ՀՀ-ն $55 մլն կստանա մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրած 55 մլն դոլարի վարկային համաձայնագիրը` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով, հայտնում է ԱՌԿԱ-ն։

Համաձայնագիրը ներկայացնելիս տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի` 14.5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։

«Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը» վարկային համաձայնագրի շրջանակում հինգ տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցները կուղղվեն Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավմանը»,– նշել է Խաչատրյանը։

Ըստ նրա, դրանով իսկ օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության զարգացմանն Արարատի, Վայոց Ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում։

Ծրագիրն ուղղված է զբոսաշրջիկների թվի աճին, ինչը կկատարվի ենթակառուցվածքային ներդրումների, քաղաքների և մշակութային ժառանգության վերածնման, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումների խթանման հաշվին։