Trump Organization ընկերությունը հրաժարվել է Բաքվում հյուրանոց բացելու վերաբերյալ արտոնագրված համաձայնագրից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահի ներկայացուցիչը:
Trump Organization-ը կասեցրել է Բաքվում հյուրանոց, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում հյուրանոց և բիզնես կենտրոն բացելու գործարքը: Փաստաբանն այդ որոշումը բնութագրել է որպես «տունը մաքրելու գործողություն»,-ասել է Ալան Գարթենը, հայտնում է CNN-ը:
Ըստ կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի, Բաքվում 33-հարկանի բարձրակարգ հյուրանոց կառուցելու մտադրության մասին Թրամփն ու նրա գործընկերները հայտարարել էին 2014-ին: Հայտնի է, որ այն պետք է պատկաներ ոչ թե Թրամփին, այլ Garant Group կոմերցիոն կառույցին, որի նախագահն է Անար Մամեդովը: Անար Մամեդովն Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է: Հյուրանոցը պետք է կրեր Թրամփի անունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վաճառել է անձմաբ իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը: Թրամփը վաճառել է որոշ բանկերի, նավթային ընկերությունների և այլ կորպորացիաների բաժնետոմսերը` խուսափելու համար շահերի բախման մեջ մեղադրանքներից: